03 07 2020

1 մլն դոլար ՀՀ-ին` կոռուպցիայի դեմ պայքարելու համար

1 մլն դոլար ՀՀ-ին` կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հաշվեքննիչ Պալատին» եռամյա ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից:

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր ստորագրեց ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ Գրասենյակի (GAO) Աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ ՀՀ աուդիտի բարձրագույն մարմնին՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին տեխնիկական օժանդակությամբ, խորհրդատվությամբ և վերապատրաստման դասընթացներով ապահովելու մասին։

Այս ծրագրի միջոցով ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ Գրասենյակը կաջակցի իրագործել Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ 2018թ․ օրենքի պահանջները՝ ուղղորդելով ընդունելու և պահպանելու աուդիտի միջազգային չափանիշերը։

Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող և ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի ղեկավար Ջին Դոդարոն և ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը, որոնք COVID-19 ճգնաժամից առաջ նախատեսում են այցելել Հայաստան, տեսակապով միացել են Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ՝ նշելու ծրագրի մեկնարկը։

«Այսօր մենք նշում ենք Աուդիտի կենտրոնի համար ևս մեկ նշանակալի ձեռքբերում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը՝ ուղղված ՀՀ հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացմանը: Մենք ակնկալում ենք հաջող գործընկերություն՝ աջակցելու Հաշվեքննիչ Պալատին անդրադառնալ վեր հանված հիմնական խնդիրներին և բարելավումներ կատարել` ամրապնդելով ինստիտուցիոնալ քաղաքականությունները և այլ կարևոր ընթացակարգեր», - նշել է Միացյալ Նահանգների Գլխավոր Հաշվեքննող Ջին Դոդարոն:

«Որպես ՀՀ հաշվեքննիչ պալատի ղեկավար՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ամերիկացի մեր գործընկերներին՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի զարգացման գործում իրենց արժեքավոր աջակցությունը ցուցաբերելու համար, հատկապես, նկատի ունենալով համավարակի այս շրջանը: Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի արդյունքում ունենանք ավելի ազդեցիկ հաշվեքննիչ մարմին» - ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ